Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Խնամք և հոգածություն է անհրաժեշտ, որպեսզի Երուսաղեմի հայերը չարտագաղթեն Եվրոպա ու Ամերիկա»

«Խնամք և հոգածություն է անհրաժեշտ, որպեսզի Երուսաղեմի հայերը չարտագաղթեն Եվրոպա ու  Ամերիկա»
27.06.2014 | 12:45

Զրուցակիցս աստվածաբանության մագիստրոս հայր ԵՂԻԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ է:

-Հայր սուրբ, օրերս գնացել էիք Երուսաղեմ ուխտագնացության, որտեղ, կարծում եմ, ամեն մի քրիստոնյա կցանկանար կյանքի ընթացքում գեթ մեկ անգամ լինել: Ինչպիսի՞ն էին զգացողությունները Սուրբ քաղաքում:
-Ճիշտ նկատեցիք, որ ամեն մի քրիստոնյա պետք է ջանա կյանքում գոնե մեկ անգամ ուխտի գնալ Երուսաղեմ` նորոգելու և ամրապնդելու իր հավատն առ Աստված: Հին ժամանակներում մարդիկ նույնիսկ ոտքով են գնացել Երուսաղեմ ուխտի, որի ժամանակ ողջ ճանապարհին հանդիպել են մահու չափ վտանգավոր փորձությունների: Այդ պատճառով էլ Երուսաղեմի ուխտավորները հնում կոչվել են մահտեսի, այսինքն` մահը տեսնող: Այն զգացողությունը, որն ապրեցինք այդ օրերին, բառերով հնարավոր չէ բացատրել. կարծես երկնքի ու երկրի հպման սահմանագծին գտնվես, որտեղից ավելի ջինջ են երևում Աստծո մեծությունն ու փառքը: Սրտի թրթիռով էինք մոտենում ամեն մի սրբատեղիի, քանի որ այդ վայրերով քայլել էր մեր Տերը` Քրիստոս, իր Ծննդից մինչև Համբարձում անցել տնօրինական ճանապարհներով, զանազան հրաշագործություններ կատարել, Արքայության Ավետարանը քարոզել, մարդկանց փրկության ավետիսը փոխանցել:
-Առաջին անգա՞մ եք լինում Երուսաղեմում: Ովքե՞ր կային ձեր խմբում, ի՞նչ հաճելի հիշողություններ կպատմեք մեզ:
-Այո՛, առաջին անգամ էր, բայց ո՛չ վերջին: Երուսաղեմի հանգուցյալ պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը բոլոր ուխտավորներին մաղթում էր, որ յոթ անգամ ուխտի գան Երուսաղեմ, որպեսզի իրենց բոլոր փափագներն ի կատար ածվեն: Նույն մաղթանքը մեզ փոխանցեց նաև ներկայիս պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը, երբ ուխտավորներիս ընդունեց պատրիարքարանի սրահում` բաշխելով իր հայրական օրհնությունները: Մեր ուխտագնացությանը միացել էին տարբեր խավի և մասնագիտության տեր անձինք հիմնականում Երևանից ու հարակից շրջաններից, որոնց թվում էր նաև Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիայի նախագահ, «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն տիկին Ռոզա Ծառուկյանը` իր աղջկա հետ:
Սուրբ քաղաքից բավական լավ հիշողություններ ենք մեզ հետ բերել, անմոռանալի տպավորություններ, գեղեցիկ հուշեր: Դժվար է առանձնացնել մեկը մյուսից, սակայն այս պահին կուզենայի մատնանշել Սուրբ Հարության տաճարի վեհությունն ու խորհրդավորությունը, հատկապես թափուր Գերեզմանի վրա ամեն գիշեր մատուցվող Սբ. Պատարագի արարողությունները և երեկոյան թափորները: Ինձ համար շատ տպավորիչ էր հատկապես Համբարձման տոնակատարությունը Ձիթենյաց լեռան վրա` վրանների տակ, երբ կողք կողքի միաժամանակ տարբեր եկեղեցիներ Սբ. Պատարագ են մատուցում:
-Ի՞նչ առիթով էիք գնացել երեք կրոնների քաղաք և աստվածաշնչյան ո՞ր սրբավայրերն եք այցելել:
-Դեպի Սուրբ երկիր մեր ուխտագնացությունը տեղի ունեցավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնի առիթով, որի ժամանակ այցելեցինք Իսրայելի ու Պաղեստինի տերունակոխ և աստվածաշնչական սրբավայրերը: Եղանք Սրբոց Հակոբյանց հայոց Մայրավանքում: Վանքը նվիրված է Հակոբոս առաքյալին և Հակոբոս տեառնեղբորը, ինչի համար էլ կոչվում է Սրբոց Հակոբյանց: Այստեղ են պահվում հայոց Հեթում թագավորի գավազանն ու բազմաթիվ սուրբ մասունքներ: Վանքը գտնվում է հին քաղաքում, որի շրջափակից ներս կարող ենք տեսնել Մայր տաճարը՝ կից մատուռներով ու եկեղեցիներով, Երուսաղեմի հայոց պատրիարքարանը, ձեռագրատունն ու Կյուլպենկյան մատենադարանը, ժառանգավորաց վարժարանն ու ընծայարանը: Սրբոց Հակոբյանց վանքից ոչ հեռու, նրա արևելյան և Երուսաղեմի հարավային կողմում է գտնվում Սուրբ Հրեշտակապետաց հայոց վանքը: Ըստ ավանդության` եկեղեցին կառուցված է Աննա քահանայապետի տան գավթի տեղում, ուր եղավ Հիսուսի հարցաքննությունը: Եկեղեցին նվիրված է Տիրոջ առաջին չարչարանքի և բանտարկության հիշատակին: Սուրբ Հրեշտակապետաց վանքի մոտ կառուցված է Սուրբ Փրկչի վանքը: Եթե Սուրբ Հրեշտակապետացը կառուցված է Աննա Քահանայապետի տան տեղում և կոչվում է Առաջին բանտ, ապա սա Կայիափայի տան տեղում է և կոչվում է Երկրորդ բանտ: Այստեղ էր, որ Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, և լուսադեմին կանչեց աքաղաղը: Գլխավորը Քրիստոսի սուրբ գերեզմանի` այստեղ պահվող կափարիչն է, որը հաստատված է որպես սեղան, և դրա վրա Սբ. Պատարագ է մատուցվում: Ապա այցելեցինք Սուրբ Հարության տաճար: Սա Երուսաղեմի և, ընդհանրապես, քրիստոնեական աշխարհի ամենանվիրական ու գլխավոր սրբավայրերից է: Այն կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչի գյուտի քարայրի և մի շարք այլ սրբավայրերի վրա: Այստեղ է նաև պատանքի տեղը, որտեղ Հիսուսին իջեցնելով խաչից` պատանեցին: Քրիստոսի գերեզմանը գտնվում է Սուրբ Հարության տաճարի մեծ գմբեթի տակ` վիմափոր ժայռերի մեջ և երկու խորշի է բաժանված: Տաճարը համատեղ տնօրինում են հայ, հույն և կաթողիկե եկեղեցիները, և նրանց են վերապահված այս սրբավայրի մաքրությունը, նորոգությունն ու գործածությունը: Հայոց եկեղեցու իրավասությունների շրջանակում մասնավոր իրավունքներ ունեն նաև ղպտիներն ու ասորիները: Համբարձման տոնին բարձրացել էինք Ձիթենյաց լեռ, որտեղ գտնվում է Համբարձման մատուռը: Այս սրբատեղին նշանավոր է նրանով, որ երկրի վրա կրում է Քրիստոսի վերջին ոտնահետքերի տեղերը. քառանկյուն շրջանակի մեջ առնված է այն բնական ժայռը, որտեղից Աստծո Որդին համբարձվել է: Երկրաշարժից Համբարձման մատուռն ավերվել է: 19-րդ դարի սկզբին մահմեդականներն այս տեղում մզկիթ են կառուցել, որտեղից դուրս, սակայն, մնացել են սեղանները: Համբարձման տոնին հայերը, հույները, կաթոլիկները, ղպտիներն ու ասորիները վրաններ դնելով` այստեղ Սբ. Պատարագ են մատուցում: Ձիթենյաց լեռան վրա է այն եկեղեցին, որը կոչում են բոլոր ազգերի եկեղեցի: Այստեղ է Հիսուսն իր աշակերտներին սովորեցրել «Հայր մեր» տերունական աղոթքը: Եկեղեցու պատերի հախճապակե սալիկների վրա աշխարհի տարբեր ազգերի լեզուներով գրված է «Հայր մերը»: Դրանց հերթականության մեջ հայերենը երրորդն է: Այցելեցինք նաև Սուրբ Կույսի գերեզմանը: Թեև Ավետարանները Տիրամոր վախճանման ու թաղման մասին չեն պատմում, սակայն, համաձայն եկեղեցական ավանդության, Սուրբ Կույսը ննջումից հետո թաղվում է Գեթսեմանիում, ապա մարմնով երկինք վերափոխվում: Գեթսեմանիի եկեղեցին կառուցված է այն տեղի վրա, ուր դրվել է Սուրբ Կույսի մարմինը: Գրեթե ամբողջությամբ հողի մեջ թաղված եկեղեցին մեկն է Երուսաղեմի ամենաինքնատիպ շինություններից: Եկեղեցու կենտրոնից դեպի արևելք գտնվում է Սուրբ Կույսի գերեզմանը առնված առանձին մի փոքրիկ մատուռի մեջ, ուր ամեն առավոտ հաջորդաբար Սբ. Պատարագ են մատուցում հույներն ու հայերը: Շաբաթվա ընթացքում երկու անգամ պատարագում են նաև ղպտիներն ու ասորիները: Հաջորդ հանգրվանը Բեթղեհեմի Ծննդյան քարայրն էր: Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարում, ի շարս հույների ու լատինների, իր ներկայությունն ունի նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցին: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուս: Բուն այրի մեջ են գտնվում Հիսուսի ծնված տեղը և մսուրը: Հիսուսի ծննդյան այրում գտնվում է պատարագի մի սեղան, որը հայերինն ու հույներինն է: Հայերին է պատկանում նաև եկեղեցու հյուսիսային թևը: Հայոց իրավասության ներքո կա պատարագամատույց ևս երկու սեղան: Վերջում Քրիստոսի հետքերով հասանք Թաբոր լեռ, ուր մեր Տերը պայծառակերպվեց: Այնտեղից ուղևորվեցինք Նազարեթ, Կանա, Գալիլիա, Հոպպե` խոնարհվելով տեղի հրաշագործ սրբավայրերին:
-Երուսաղեմի հայկական համայնքը վաղո՞ւց է ստեղծվել:
-Հայերը Երուսաղեմում բնակություն են հաստատել շատ վաղուց, և հայ-հրեական քաղաքական, մշակութային շփումները հազարամյակների պատմություն ունեն: Քրիստոնեության մուտքից հետո շատ հայեր բնակություն հաստատեցին Սուրբ երկրում, և հայկական եկեղեցին առաջիններից էր, որ ներկայացված էր Պաղեստինում: Կիլիկիայի թագավորության բազմաբնույթ շփումները Երուսաղեմի խաչակրաց թագավորության հետ քաջ հայտնի են պատմությանը: Կարծիք կա, որ հայկական համայնքը Երուսաղեմում ձևավորվել է դեռևս 5-րդ դարից: Այսօր էլ բավական աշխույժ է հայ համայնքի առօրյան: Սակայն ավելի խնամք և հոգածություն է անհրաժեշտ, որպեսզի Երուսաղեմի հայերը չարտագաղթեն Եվրոպա ու Ամերիկա, այլ մնան և շենացնեն տեղի սրբավայրերը: Ներկայումս Իսրայելում բնակվում է շուրջ 13 հազար հայ: Իսրայելում գործում են ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի տեղական մարմինները, հայկական դպրոցներ, ՀՄԸՄ-ի, ՀԵՄ-ի, ՀՕՄ-ի մասնաճյուղերը, հասարակական, մշակութային, երիտասարդական այլ կազմակերպություններ, լույս են տեսնում «Սիոն» և «ՀԵՄ եռամսյա» պարբերականները:
-Ինչո՞վ են զբաղվում այնտեղ հայերը: Ի տարբերություն մյուս հայկական գաղթօջախների՝ Երուսաղեմում ինչպե՞ս է դրված ազգային ինքնության պահպանման հարցը:
-Երուսաղեմում հայերը հիմնականում կցված են հայոց վանքի զանազան վարչական կառույցներին, մի մասն էլ զբաղվում է գործարարությամբ: Զգալի թիվ են կազմում արհեստավորները, լուսանկարիչները, հախճապակեգործները, մտավորականները, բժիշկները, իրավաբանները, առևտրականներն ու ձեռնարկատերերը: Ինձ ուրախացրեց այն հանգամանքը, որ տեղի հայերը հայախոս են` ի տարբերություն արտասահմանյան մյուս հայկական գաղթօջախների: Երուսաղեմում գործում է նաև Սրբոց Թարգմանչաց հայկական երկսեռ վարժարանը, որը հայեցի կրթություն է ապահովում երուսաղեմցի նորաբողբոջ սերնդին:
-Ինչպիսի՞ն է այսօր Երուսաղեմում գտնվող հայապատկան սրբավայրերի վիճակը:
-Երուսաղեմում հայերը բավական իրավունքներ ունեն, որոնց տեր կանգնելը հեշտ բան չէ: Երբեմն հարկ է լինում դիվանագիտության կողքին նաև «ոգի ի բռին» պայքարել: Հայապատկան սրբավայրերը, Երուսաղեմի հայկական եկեղեցին դարավոր պատմություն ունեն, վերջինս կազմակերպված, բազմաճյուղ հաստատություն է: Այսօր Երուսաղեմի եկեղեցիների և սրբավայրերի ճնշող մեծամասնությունը հայապատկան է, որոնք, ընդհանուր առմամբ, խնամքով են պահպանված, կա ամենօրյա հսկողություն: Ճիշտ է, քաղաքում նշանակալից են նաև Հույն ուղղափառ և կաթողիկե եկեղեցիները: Երուսաղեմի հայոց պատրիարքարանն ունի իր տպարանը, գրադարանը, որտեղ պահպանվում են բազմահազար գրքեր: Քիչ չեն նաև հին մագաղաթյա ձեռագրերը, որ մի քանի հազար կտոր են կազմում և պատմական ու գեղագիտական մեծ արժեք ունեն: Ձեռագրատունը գտնվում է սուրբ Թորոս մատուռում: Պատրիարքարանի տնօրինության տակ է նաև Ժառանգավորաց վարժարանը, որտեղ հոգևորականներ են պատրաստում, և, ըստ էության, այն հոգևոր ճեմարան է:
-Երեք կրոնների այս քաղաքում անխուսափելի են վիճաբանությունները: Հատկապես վերջին տարիներին հարաբերություններն առավել սրվել են, և գործը հասել է կատաղի մարտերի: Բայց ցավալին այն է, որ դրանք տեղի են ունենում հենց սրբավայրերում և հոգևորականների կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ճիշտ է, որ Երուսաղեմը երեք կրոնների քաղաքն է: Երուսաղեմ հին քաղաքը իր երեքհազարամյա պատմության ընթացքում եղել է սրբազան քաղաք քրիստոնյաների, հրեաների և մահմեդականների համար: Այն բոլոր ժամանակներում կռվախնձոր է եղել այս երեքի համար: Երկարատև պատմության ընթացքում Երուսաղեմը բազմաթիվ պատերազմներ, կորուստներ ու ավերածություններ է տեսել: Արշավանքների ու հարձակումների պատճառով անընդհատ փոխվել է: Փոխվել է ոչ միայն նրա տեսքը, այլ նաև ժողովրդագրական կազմը, և աստիճանաբար ձևավորվել է մի մթնոլորտ, որը հատուկ է այսօրվա Երուսաղեմին: Պատմության այդ վայրիվերումների և ներկա մթնոլորտի մեջ Հայ առաքելական եկեղեցին պահպանել է իր դիրքերն ու արթուն ժամապահի պես հսկել տերունական սրբավայրերը: Ինչ խոսք, կատաղի մարտերը ցանկալի չեն որևէ քրիստոնյայի համար: Շատ տգեղ և տհաճ է տեսնել, թե ինչպես Քրիստոսի գերեզմանի դիմաց «Հիսուսի անունով» իրար գլուխ են կոտրում հայ և հույն հոգևորականները: Տարեցտարի այդ միջադեպերը նվազում են` շնորհիվ հրեա ոստիկանների կողմից անվտանգության պահպանության: Փա՜ռք Աստծո, այս տարի բախումներ գրեթե չեն արձանագրվել:
-ՈՒխտագնացությունները, վստահաբար, քրիստոնյայի կյանքում առավել ամրացնում են քրիստոնեական հավատը և մղում նորանոր բարի գործերի: Ի՞նչ ծրագրեր և գաղափարներ ունեք առաջիկայում:
-ՈՒխտագնացությունը հանդիպում է Աստծո և մարդու միջև, հավատի նորոգություն, ապաշխարության կոչ, սրբության հրավեր: Հավատացյալների կյանքում շատ կարևոր են նման միջոցառումները, որոնք ուղեկցվում են տևական աղոթներով և Սբ. Պատարագների արարողությամբ: Որքան հնարավոր է, պետք է մեր ժողովրդին հաղորդ դարձնենք մեր ինքնությանը, հոգևոր ժառանգությանը, արմատներին, որպեսզի ավելի ամուր և հաստատուն լինենք քրիստոնեական արժեքների պահպանման գործում: Սրան մեծապես խթանում են նաև ուխտագնացությունները, որոնք, սակայն, պետք է զանազանել սովորական արշավներից, էքսկուրսիաներից ու բացօթյա խնջույքներից: Վերոհիշյալ ուխտագնացությունները, կարծում ենք, պետք է լինեն շարունակական:
-Եվ վերջում չցանկանալով շրջանցել բոլորիս համար ցավոտ մի խնդիր, այն է՝ կաթողիկոսի կողմից կարգալուծությունների հարցը, մանավանդ երբ վերջերս կարգալույծ արվեցին նաև Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) և Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ), այնուամենայնիվ, ինչպե՞ս պետք է բռունցքվել և ձեր ձայնի ավելի լսելի դարձնել (ի դեպ, նշեմ, որ Գարեգին Բ-ի օրոք կարգալույծ են արվել տասնյակ հոգևորականներ):
-Սա մի չսպիացող վերք է Հայ եկեղեցու սրտին, որ տագնապեցնում ու խռովեցնում է հավատավոր մեր ժողովրդին: Մի փոքր ուղղում կատարեմ «կարգալույծ» բառի վերաբերյալ: Թեև գրաբարում չենք հանդիպում «կարգալույծ» եզրին, սակայն դասական հայերենի պարագային թերևս ճիշտ է այս ձևակերպումը, քանի որ «լուծցի ի կարգէն» նշանակում է «թող զրկվի կարգից», այսինքն` քահանայական իշխանությունից: «Լուծել» բայը, որ գրաբարում նշանակում է «հեռացնել», «զրկել», աշխարհաբարում ձեռք է բերել «լուծարել» իմաստը, այսինքն` «ջնջել», «չեղարկել», «վերացնել»: Բանասիրական և լեզվաբանական քննությունը ցույց է տալիս, որ աշխարհաբարի համար սխալ է կիրառել «կարգալույծ» բառը, քանի որ համաձայն Աստվածաշնչի և Եկեղեցու վարդապետության` քահանայությունը հավիտենական է, օծումը` անջնջելի, իսկ ձեռնադրության խորհուրդը` անկրկնելի: Սա նման է Մկրտության և մնացյալ խորհուրդներին, որոնք նույնպես մշտնջենական բնույթ ունեն: Արդյոք կարո՞ղ է մի եպիսկոպոս որևիցե գրությամբ ջնջել որևէ մեկի վավերական մկրտությունն ու դրոշմը, այլ խոսքով` այդ քրիստոնյային «մկրտալույծ» և «դրոշմալույծ» հռչակել` դասելով «հեթանոսների շարքը»: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է հնարավոր, որ կաթողիկոսը մի գրությամբ «ջնջի» քահանայությունը` այդ հոգևորականին դասելով «աշխարհականների շարքը»: Սա պարզապես հակասում է Սուրբ գրքի խոսքերին, քանի որ մենք գրությամբ չէ, որ դարձանք քահանա, այլ Ձեռնադրության սուրբ խորհրդի մատակարարությամբ, Սուրբ Հոգու շնորհաբաշխությամբ: ՈՒստի ակնհայտ է, որ մարդկային գրությամբ հնարավոր չէ վերադառնալ աշխարհականների դաս, քանի որ Աստծո տվածը մարդը չի կարող հետ վերցնել: Եկեղեցական կանոնները, ելնելով որոշ հանգամանքներից, հոգևորականին կարող են զրկել քահանայական իշխանությունից, որպեսզի տվյալ ելեղեցականն այլևս իրավունք չունենա քահանայագործելու: Բայց նա դարձյալ մնում է քահանա հավիտյան. նույնիսկ եթե դժոխք գնա, այնտեղ էլ քահանա է: Իսկ եթե հոգևորականն իր կամքով է հրաժարվում քահանայական ծառայությունից, կարգից ու կոչումից, ապա նրան հարկ չկա կրկին «կարգալույծ» հռչակելու, այլ պետք է հայտարարել «կարգաթող»` արտոնելով «անցնել աշխարհական վիճակի» (այս երևույթը կոչվում է «աշխարհականացում»), այլ ոչ թե «ուղարկել աշխարհականների դաս», ինչն անկարելի է: Աշխարհաբարում ճիշտ կլինի գործածել «կարգազուրկ» բառը` «կարգալույծ»-ի փոխարեն:
Գալով վերջերս նորաձև դարձած ապօրինի և կամայական կարգազրկումներին` պետք է նկատել, որ հիմնականում դրանց զոհ են դառնում ժողովրդի կողմից սեր ու համակրանք վայելող պարկեշտ, ծառայասեր, հավատացյալ և գիտուն եկեղեցականները: Հասկանալի է, որ այդպիսի եկեղեցականները, մեղմ ասած, «խանգարում» կամ ստվերում են իրենց շրջապատի` իրենցից էապես տարբերվող եկեղեցականներին: Սակայն մի՞թե այդ անձերը հոգևորական են դարձել «շրջապատի» կամ «համակարգի» համար և ոչ թե ժողովրդի: Իսկ եթե «եկեղեցին ժողովուրդն է» լոզունգը կեղծ չէ, ինչո՞ւ է անտեսվում և արհամարհվում այդ ժողովրդի արդար ձայնը, որպեսզի տիրապետող լինեն «գարշապար լիզողնե՞րը»: Թող ներվի ինձ ասել, սակայն կրոնական ահաբեկումների, անիրավ կարգազրկումների, տարատեսակ սպառնալիքների այս անծայրածիր շղթան ինձ հիշեցնում է Դիոկղետիանոսի հալածանքները, որոնք հասարակության մեջ ծնում են հոգևոր ճգնաժամ ու հավատի անկում` պատճառ լինելով եկեղեցական համայնքների քայքայման` հուրախություն աղանդավորական և այլակրոն խայտաբղետ խմբակների:
Մի ճանապարհ կա բռունցքվելու` քաջատեղյակ լինել եկեղեցական օրենքներին, կանոններին ու իրավունքներին` միաժամանակ լինելով նախանձախնդիր և պահանջատեր, որպեսզի ներկա եկեղեցական վերնախավը առաջնորդվի ոչ թե «ըստ կամս» և «ըստ տրամադրության», այլ վերադասից սկսած` եկեղեցական կարգ ու կանոնը հավասարապես տարածվի յուրաքանչյուր եկեղեցականի վրա: Այս իրողությանը իրենց վճռորոշ ձայնը պետք է բերեն եպիսկոպոսաց անկաշկանդ ժողովները` կանոնական որոշումներով հանդերձ:


Հարցազրույցը վարեց Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ